«Հանրակրթության մասին» օրենքում արմատական փոփոխություններ իրականացնելու նախագիծ. դիտարկում

Կփոխվեն տարակարգերի շնորհման և ատեստավորման կարգերը

Կառավարությունը կարծես փորձում է ուսուցիչներին զատել «լավերի» և «վատերի»: Ստացվում է, որ «լավերը» այն ուսուցիչներն են, ովքեր անցնում են ատեստավորումը գերազանց և արժանանում են խրախուսման՝ ավելի բարձր վարձատրությամբ: Հարց է առաջանում. իսկ ո՞ր խմբին են պատկանում կամ ինչպե՞ս են խրախուսվում, օրինակ, այն ուսուցիչները, ովքեր սովորողների հետ հեշտ են լեզու գտնում, ովքեր սովորողներին կարողանում են իրենց շուրջն հավաքել, ովքեր կարողանում են, օրինակ, խրախուսելով սովորողին՝ ավելի հեշտ ներառել ուսումնական գործընթացում, ովքեր կարողանում են հեշտությամբ կարգավորել սովորողների միջանձնային կոնֆլիկտները, խնդիրները:

Կարող է մի ուսուցիչ գերազանց անցնի ատեստավորումը, բայց սովորողներն իր շուրջ չհավաքվեն, իր հետ լեզու չգտնեն, ապա ինչպե՞ս է՝ որպես մանկավարժ, խրախուսվում աշխատավարձով: Ստացվում է, որ խրախուսվում են միայն անգիր ինչ-որ բաներ իմացող ուսուցիչները:

Այդ խրախուսմամբ կառավարությունը նաև ինչ-որ կերպ պարտադրում է մասնակցել ատեստավորմանը՝ խոստանալով բարձրացնել վարձատրությունը: Նաև չի նշվում՝ արդյո՞ք համապատասխան բովանդակային փոփոխություններ կկատարվեն ատեստավորման գործընթացում, թե՝ ոչ: Հաշվի առնելով նախկինում եղած դժգոհությունները ատեստավորման վերաբերյալ՝ կարծում եմ՝ պետք էր առաջին հերթին այդ փոփոխությունների մասին մտածել:

Դպրոցը կունենա երկու ղեկավար. նորույթ

Ինչպես նշվում է պարզաբանումներում, այդ վարչատնտեսական հատվածի տնօրենը պետք է ղեկավարի մի քանի դպրոցներ: Այստեղ մեծ ռիսկ կա. արդյո՞ք այդ ղեկավարը, ամենօրյա ներկայություն չունենալով դպրոցում, կարող է պատկերացում կազմել՝ ի՞նչի կարիք ավելի շատ ունի դպրոցը, քան այն մարդը, ով ներկայացնում է այդ դպրոցի զարգացման ծրագիրը:

Այս փոփոխությամբ կարծես փորձ է արվում խստացնել դպրոցի տնօրենին ներկայացվող պահանջները, ավելի շատ ուշադրությունը կենտրոնացնել բովանդակության վրա, սակայն այսպես նվազեցվելու են տնօրենի լիազորությունները: Սա արդեն լարված աշխատանքային փոխհարաբերություններ է ստեղծելու՝ խնդիրներով և կոնֆլիկտներով ուղեկցվող: Ստեղծվում են անհավասար պայմաններ, ստացվում է, որ վարչատնտեսական ղեկավարն ուղիղ նշանակվում է նախարարության կողմից և ունենալու է իրենց անվերապահ վստահըությունը, իսկ մյուս տնօրենը, ով պետք է զբաղվի միայն բովանդակությամբ, կարող է նույնիսկ ունենալ գործընկերների անվստահությունը: Այսպիսով դժվարություններ են առաջանալու նույն բովանդակություն ապահովելու հարցում: Ստացվում է, որ բովանդակություն ապահովող տնօրենից միայն պահանջելու են, իսկ աջակցություն չի ցուցաբերվելու: Չեմ պատկերացնում այս խժդժության վերահսկումը: Հիմա էլ կառավարությունը այս կոնֆլիկտներն ու խնդիրները կարգավորելու համար պետք է սկսի ամիսը մեկ նոր նշանակում անել:

Կարծում եմ՝ այս հարցը կարելի էր կարգավորել առանց ներքին ցնցումներ առաջացնելու: Կարելի էր, օրինակ, տնօրենի և փոխտնօրենի գործառույթները վերանայել, հաստիքները՝ նույնպես՝ հաշվի առնելով, որ վարչատնտեսական մասի ղեկավարումն իսկապես ծանրաբեռնված աշխատանք է ենթադրում:

Թողնել մեկնաբանություն